30 մարտի 2017 - 14:59 AMT
ՊՆ ղեկավար. Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ է

Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ առաջարկ է, որի վրա պաշտպանության նախարարությունն արդեն բավականին ժամանակ աշխատում է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում:

«Վարչապետի որոշմամբ ձևավորվել է սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողով: Իհարկե, հասկանալի է, որ զենքն ունի դրան առնչվող բազմաթիվ վտանգներ, խնդիրներ և անհրաժեշտություն կա կարգավորումների, բայց այդ կարգավորումները կան: Մենք սկսել ենք շատ ինտենսիվ ծրագիր սահմանամերձ համայնքների աշխարհազորայինների հավաքների և մարզման: Ինձ զարմացրել է հատկապես կանանց ակտիվությունը, որոնք պնդում են, որ իրենք էլ, անպայման, մասնակցեն այդ ծրագրերին», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ «առնվազն գոնե որսորդական զենք սահմանամերձ համայնքներում, պետք է շատ ավելի հեշտացված համակարգով տրվի»:

«Ինչ վերաբերում է այլ տիպի սպառազինությանը, ապա յուրաքանչյուր համայնքով մենք կազմում ենք հիմա առանձին անձնագիր` թվարկելով բոլոր խնդիրներն ու լուծումներ գտնելով», - ասել է պաշտպանության նախարարը:

Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ասել է, որ եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաջողություն արձանագրի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում, հույս ունի շարունակել զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ընթերցեք նաև. ՀՀ ՊՆ. Գյումրիի ՌԴ ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար չի օգտագործվի