1 ապրիլի 2017 - 12:48 AMT
CDSI. Փետրվարի 24-25-ի դիվերսիոն գործողությունները շփման գծում ղեկավարել է անձամբ Ադրբեջանի ԳՇ պետը

Մարտի 28-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Գլխավոր շտաբում պաշտոնանկություններ են եղել: Այդ մասին ասվում է Պաշտպանական հետազոտությունների մերձկասպյան ինստիտուտի՝ CDSI-ի, վերլուծական տեսության մեջ:

Ըստ վերլուծաբանների, պաշտոնանկությունների պատճառը 2017-ի փետրվարի 24-25-ի իրադարձություններն են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում:

Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին այդ երկրի մի խումբ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության մասին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով: Մի քանի օր անց սակայն այդ հաղորդագրություններն անհետացան՝ որոշ ԶԼՄ-ներ հերքում հրապարակեցին, մի քանիսն ուղղակի հեռացրեցին հաղորդագրությունը:

Պաշտոններից զրկվածների թվում նշվում են Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էյվազ Ջաֆարովի, Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի և գնդապետ Մուրադ Համիդովի անունները: Ազատվել են աշխատանքից նաև բարձրաստիճան սպաներ, գրում է Meydan.tv-ն:

Կազմակերպության կայքում ասվում է, որ հենց Ջաֆարովը, Օրուջևն ու Համիդովն էին պատասխանատու փետրվարին շփման գծում իրականացված գործողությունների համար:

CDSI-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ գործողությունը ղեկավարել է անձամբ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Սակայն փաստն այն է, որ Սադիխովն իրեն պաշտպանելու համար մեղքը բարդել է նրանց վրա և Գլխավոր շտաբի ավելի քան 20 բարձրաստիճան սպայի զոհաբերել:

Ըստ հաղորդագրության, վերջին գործողության ձախողման և Գլխավոր շտաբի պատասխանատվության հարցը քննարկումների թեմա էր դարձել Ադրբեջանի կառավարությունում Վերլուծաբանները նշում են, որ ըստ տեղեկությունների, կառավարությունում արդեն որոշում է կայացվել Գլխավոր շտաբի արմատական վերափոխման վերաբերյալ: Այդ պատճառով քննարկման ենթակա է նաև Սադիխովի թեկնածությունը Գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում 8 չեզոք գոտում, որոնք հետագայում հանձնվեցին հակառակորդին: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չի ունեցել: