2 ապրիլի 2017 - 10:35 AMT
Վիգեն Սարգսյանը վստահ է՝ հանդարտ քվեարկության օր է լինելու

Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում ապրիլի 2-ի վաղ առավոտյան ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԱԺ ընտրություններում իր քաղաքացիական պարտքն է կատարել: Նա տեղամաս է եկել կնոջ և դստրերի հետ:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նախ բոլորին մաղթել է հանգիստ, հանդարտ քվեարկության օր. «Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»:

Նախարարի խոսքով, բազմաթիվ քայլեր են արված և սա առաջին անգամն է, որ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է օրենսդրական այնպիսի դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջին հինգ տարիներին քաղաքական դասավորվածությունը:

«Մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ընտրությունների ընթացքի կարևորագույն իրադարձությունները PAN-ը հակիրճ ներկայացնում է թարմացվող լրահոսով: