2 ապրիլի 2017 - 20:50 AMT
Հայաստանի մոտ 900 քաղաքացի է քվեարկել էլեկտրոնային տարբերակով

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային տարբերակով քվեարկել է Հայաստանի 877 քաղաքացի, հայտնել է ԿԸՀ փոխանախագահ Լաուրա Գալստյանը։

Նրա խոսքով, էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է ընտրություններից ինն օր առաջ և ավարտվել է քվեարկության օրվանից յոթ օր առաջ։

Գալստյանն ավելացրել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեն մասնակցել արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող անձինք և նրանց հետ ապրող իրենց ընտանիքի անդամները։

«Այդ իրավունքն ունեն նաև արտասահմանյան երկարատև գործուղման մեջ գտնվող զինծառայողները»,- նշել է նա, գրում է Նովոստի Արմենիան։

Նրա խոսքով, նշված քաղաքացիներն իրենք են որոշում քվեարկության տարբերակը` նախօրոք էլեկտրոնային եղանակով, թե Հայաստանում քվեարկության օրն ընտրատեղամասերում։

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: