3 ապրիլի 2017 - 16:28 AMT
Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. 10 մարդ է զոհվել, տուժածների թվում հայեր կան (թարմացվող)

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 10 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա, հայտնում է Lenta.ru-ն իրավապահ մարմիններում աղբյուրի վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանների մոտ: Մետրոյի բոլոր կենտրոնական կայարանները տարհանվում են:

20:09 ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ նախնական տվյալների համաձայն, Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր կան։ Լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

17:39ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:

17:37 Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը խստացրել է անվտանգության միջոցները:

17:34 Պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը:

17:21 ՌԴ Դաշնության խորհրդում կարծում են, որ դեр վաղ է պայթյուններն ահաբեկչություն որակել: «Դա պետք է անեն քննչական մարմինները, սակայն շատ նման է ահաբեկչության», -ասել է սենատոր Անդրեյ Կուտեպովը:

17:17 Պուլկովո օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

17:10 ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը:

17:09 Պետերբուրգում պայթյուններից հետո Facebook-ն ակտիվացրել է «Ես անվտանգ վայրում եմ» կոճակը: Այդպիսով օգտատերերը կարող են հայտնել իրենց մերձավորներին, որ չեն տուժել:

17:01 Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտարարել է, որ մետրոյից մարդկանց տարհանումն ավարտվել է:

16:53 Պայթյուններից հետո փակ է մետրոյի 8 կայարան:

16:43 Մետրոյում պայթյունների մասին զեկուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ նրա, դիտարկվում են պայթյունների պատճառների բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ կենցաղային և քրեական տարբերակները:

16:37 Մոսկվայի մետրոպոլիտենը անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում:

16:20 Տուժածների թվում կան երեխաներ:

«ՎԿոնտակտե» ցանցում լուսանկարներ են հայտնվել: «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանի մոտ վագոնում պայթյուն է տեղի ունեցել, տուժածները շատ են»,-գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր նշել է. «14:30 պայթյուն տեղի ունեցավ «Սենայի հրապարակ» կայրանում: Ամենուր ծուխ է, մարդիկ վազում են կառամատույցից»:

16:15 «Սև գետակ» կայարանը փակ է՝ կասկածելի իր է հայտնաբերվել:

Պատահարի վայրում քննչական խումբ է աշխատում: Քրեական գործ է հարուցվել:

Photo: Страница «ДТП и ЧП | Санкт-Петербург» во «ВКонтакте»