4 ապրիլի 2017 - 09:24 AMT
ԱԳՆ. Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում

Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում։ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ տվյալները դեռ վերջնական չեն։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է պայթյունից տուժածների և քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անվանացանկը:Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա:

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: