5 ապրիլի 2017 - 13:23 AMT
Թուրքական թերթը Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք է պատրաստել

Թուրքական Karınca թերթի կայքն նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով:

Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը:

Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա:

«Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,-գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց դեպի Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում: Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ:

«Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի», - պատմում է Բերբերյանը:

Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ իր վրա է կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչու պիտի հումորի կարիք զգայի», - հավելում է Բերբերյանը:

17 տարեկանում Վահե Բերբերյանը լքում է Բեյրութը և մեկնում Եվրոպա: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Լիբանան: Այստեղ ծագած քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին ականատես եղած Բերբերյանը այնուհետև տեղափոխվում է Լոս Անջելես: Սակայն այստեղ էլ ապահովության զգացումը երկար չի ուղեկցում նրան՝ կարճ ժամանակ անց բացահայտված հիվանդության պատճառով: «Հիշում եմ, որ երեխա ժամանակ էլ էի նկարում, բայց այն ժամանակ հիմնականում գանգեր էի պատկերում՝ Դեր Զորում մահացածների գանգերը»,- պատմում է արվեստագետը:

Բերբերյանի խոսքով՝ թեև Ցեղասպանությունն իր կյանքում որոշակի դեր է խաղացել, բայց դա չի նշանակում, որ ինքը կուրորեն պետք է կապված լինի Ցեղասպանության հետ, չուսումնասիրի հայ մշակույթի արմատները:

«Մտքումս մի լույս ծագեց. պետք է փոխել այս մոտեցումը: Հայ լինելը անպայման չի նշանակում կենաց պայքար մղել: Հայ լինելը հրաշալի է, հայ լինելը զվարճալի է, հայ լինելը հաճելի է», -ասում է Բերբերյանը:

Իսկ Վիլյամ Բայրամյանն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով. «Բերբերյանը շարունակում է մեկ անձով մշակութային հեղափոխություն իրականացնել՝ ընդարձակ հայկական հողի ընդերքում թաքնված գեղեցկություններն ու արվեստը վեր հանելու և դրա շուրջ շուրջպար բռնելու համար»:

Վահե Բերբերյանը 5 գրքի, 13 պիեսի, 5 երգիծական ստեղծագործության և հարյուրավոր արվեստի գործերի հեղինակ է: