6 ապրիլի 2017 - 11:03 AMT
Թրամփը մտադիր չէ Պուտինի հետ քննարկել իր ռազմական ծրագրերը Սիրիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Սիրիայում իր ռազմական ծրագրերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես երբեք չեմ խոսում այն մասին, ինչ անում եմ ռազմական ոլորտում: Ես դեմ եմ եղել նման մոտեցմանը տարիներ շարունակ»,-ասել է Թրամփը, հայտնում է Lenta.ru-ն The New York Times-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մեկնաբանել էր տեղեկությունները սիրիական Իդլիբում քիմիական գրոհի մասին, որի հետևանքով առնվազն 58 մարդ է զոհվել և տուժել է մոտ 200-ը: Նա պատասխանատվությունը բարդել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա և հայտարարել,է, որ իրավիճակը փոխել է իր վերաբերմունքը Ասադի հանդեպ: Նա նշել է նաև, որ Ասադի «հրեշավոր գործողությունները» Բարաք Օբամայի թույլ քաղաքականության հետևանք են:

Հակամարտությունը Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև սկսվել է 2011-ին: Այն վերաճել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները հզորացան և ամրապնդվեցին, այդ թվում «Իսլամական պետությունը»: ԱՄՆ գլխավոր միջազգային կոալիցիան 2014-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում ԻՊ դեմ: Ռուսաստանի օդուժը սկսել է հարվածներ հասցնել գրոհայիններին 2015-ի աշնանը: