6 ապրիլի 2017 - 10:31 AMT
Էգոյանը կմտածի Արցախում ֆիլմ նկարահանելու մասին

Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի: Նման տեսակետ է հայտնել Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ շեշտելով, որ «անպայման կմտածի այդ հարցի շուրջ», հաղորդում է «Արցախպրեսը»:

«Արցախ գալով մի հոգևոր զգացողություն եմ ունենում, որն ինձ համար առանձնահատուկ է»,- ասել է Էգոյանը.

«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունս, իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ եմ զգում: Իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի մոտս հարց ծագում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այն պատմությունները, որոնք նկատել եմ այս քանի օրվա ընթացքում»,- հավելել է նա:

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում էին անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը: