22 հոկտեմբերի 2007 - 19:04 AMT
Ռուսաստանի նախագահը կարգադրություն է ստորագրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիր ստորագրելու մասին: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Վ.Պուտինը նաեւ պետական քարտուղար, պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովին նշանակել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Դաշնային Ժողովի պալատներում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական կադրերի պատրաստման մասին համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ:

Ավելի վաղ ՀԱՊԿ երկրները փաստաթղթերի փաթեթ էին նախապատրաստել արագ արձագանքման հավաքական ուժերի նմանությամբ համատեղ խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին: Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այդ ստորաբաժանումները կմասնակցեն խաղաղապահ գործողություններին ինչպես ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այնպես էլ նրանց սահմաններից դուրս ՄԱԿ-ի խնդրանքով: Ըստ Ն.Բորդյուժայի, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր ըստ նշված համաձայնագրերի իր խաղաղապահ համակազմը կտրամադրի ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող գործողություններին մասնակցելու համար: