11 ապրիլի 2017 - 15:16 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից, դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի ավանդական ուղերձում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Կոչին միացել է ավելի քան 80 կոնգրեսական, այդ թվում, Ներկայացուցիչների պալատի նախագահն ու անդամները:

«ԱՄՆ-ն, պատշաճ կերպով նշելով ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հաստատում է իր հավատարմությունն ապագայում նման վայրագությունների կանխարգելմանը»:

Իր հերթին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը միանում է Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով նախագահ Թրամփին մերժել Թուրքիայի ժխտողականությունը և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«ԱՄՆ-ն վաղուց արդեն չպետք է Հայոց ցեղասպանության հարցում իր քաղաքականությունը կառուցի՝ տուրք տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնատիրական և հակաամերիկյան ռեժիմին», -ասել է Համբարյանը: