Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին անդրադարձել է ամերիկացի դերասան Ջեյսոն Բեյթմանը:
«Ես խոստանում եմ չմոռանալ Ցեղասպանության միլիոնավոր զոհերին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեյթմանը՝ միանալով #KeepThePromise արշավին:
Ավելի վաղ, հայտնի հոլիվուդյան դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին նվիրված քարոզարշավին: Դերասանը «#կատարիր խոստումդ» գրառում է արել՝ աջակցություն հայտնելով մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում:
«Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը:
«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: