17 ապրիլի 2017 - 11:09 AMT
ԻԻՀ ՊՆ. Հուսով ենք՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը թույլ չեն տա օտարների միջամտությունը ԼՂ կարգավորմանը

Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը, տարածաշրջանն ի զորու չէ հաղթահարել նոր ճգնաժամ: Ապրիլի 16-ին նման տեսակետ է հայտնել Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հավատարիմ մնալով ԼՂ հակամարտության իրական խաղաղ կարգավորմանը, թույլ չեն տա, որպեսզի օտարները միջամտեն և ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսանան»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը, իրանական «Իսնա» լրատվական գործակալությանը հղումով հաղորդում է Panorama.am-ը։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակին, Հոսեյն Դեհղանը մասնավորապես ասել է. «Այսօր ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին սպառնում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի քայքայիչ քաղաքականությամբ առաջնորդվող, ինչպես նաև վահաբիական ծայրահեղ խմբավորումների ենթակայությամբ գործող ահաբեկչական խմբավորումները»:

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը հայտարարել է, որ ժամանակին «եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու»: