17 ապրիլի 2017 - 15:36 AMT
Իրաքում եզդիների եղբայրական գերեզման է հայտնաբերվել

Իրաքյան Քրդստանում, Շենգալի (Սինջար) շրջանում 30 եզդու եղբայրական գերեզման է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Քրդստանի Հայրենասիրական միության մեդիակենտրոնը:

Ըստ Հայրենասիրական միության տվյալների, 2014-ի օգոստոսին Շենգալի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստական է դարձել:

Շենգալի քաղաքապետ Մահմի Հալիլի տվյալներով, որը հղում է անում Հայրենասիրական միությանը, 2015-2016թթ. 1646 եզդու դի է հայտնաբերվել, որոնք դարձել են ԻՊ զոհերը:

«Շենգալում հերթական եղբայրական գերեզմանն է հայտնաբերվել, որտեղ ավելի քան 30 եզդի է թաղված: Եղբայրական գերեզմանը հայտնաբերել են Շենգալի ինքնապաշտպանության ուժերի մարտիկները քաղաքի ծայրամասում»,-հայտնել է Քրդստանի Հայրենասիրական միությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մոլեռանդ իսլամիստները եզդիներին համարում են անհավատներ: