20 ապրիլի 2017 - 11:41 AMT
«Եվրասիա» հիմնադրամը կֆինանսավորի ՀՀ ՓՄՁ-ները. $100.000-ից մինչև 1 մլն վարկեր կտրամադրվեն

«Եվրասիա» հիմնադրամը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ միտված եվրասիական տարածաշրջանի զարգացող երկրների փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը: Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում անցկացվել է փոքր բիզնեսի աջակցման «Եվրասիա» հիմնադրամի Gazelle Finance ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում:

«Մենք տարբեր ֆինանսական գործիքների միջոցով կֆինանսավորենք այդ ընկերությունները, որոնք կոչվում են Gazelle-ներ,»,- ասել է Gazelle Finance ծրագրի տնօրեն Ջեֆրի Լիբերթը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Gazelle եզրն առաջ է քաշել MIT համալսարանի տնտեսագետներից մեկը, որն այդպես է բնութագրել փոքր և միջին արագ զարգացող ընկերությունները»,- ասել է ծրագրի ղեկավար Ստեֆանի Քոմսը:

Հայաստանն ու Վրաստանն այն երկրներն են, ուր առաջին անգամ կիրականացվի այս ծրագիրը: 28 միլիոն դոլարանոց հիմնադրամը, համագործակցելով տեղի բանկերի հետ, 100.00 մինչև 1 միլիլոն դոլարի վարկեր կտրամադրի տնտեսության տարբեր ճյուղերի հայկական և վրացական փոքր ու միջին ձեռնարկություններին:

«Ընտրված երկրները շատ ճիշտ են ծրագրի մեկնարկի համար: Դրանք համեմատաբար փոքր երկրներ են, որտեղ առևտրային հաշվեկշռիռը հավասարակշռված է, տնտեսությունում և կառավարման համակարգում իրականացվել են բարեփոխումներ: Սա նոր նախաձեռնություն է, և մենք չափազանց ոգևորված ենք»,- ասել է Ստեֆանի Քոմսը։

«Եվրասիա» հիմնադրամը երկար տարիներ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում: Հիմնադրամի նախագահ Հորթն Բիբի-Սենթրը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը նախկինում այս ոլորտում հիմնադրամին աջակցելու համար և ընդգծել Gazelle- կարևրությունը Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության կարողության զարգացման հարցում:

«Եվրասիա» հիմնադրամը դիտարկում է Gazelle-ը որպես կարևոր կամուրջ փոքր ձեռներեցության երազանքներն ու նրանց կարողությունները միացնելու հարցում, որոնք այդ ընկերություններին կտրամադրեն համապատասխան միջոցներ աճելու և ընդլայնվելու համար»,- ասել է Բիբի-Սենթրը

Միջոցառմանը ներկա Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ևս ողջունել է նախաձեռնությունը: «Շատ հեռանկարային մոտեցում է: 5 տարի ծրագրավորման արդյունքում, կարծում եմ, բազմաթիվ հայկական ընկերությւոններ, որոնք արագ են աճում, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կունենան»,- ասել է դեսպան Հովհաննիսյանը:

Ծրագրի ներկայացուցիչները միջոցառմանն անդրադառձել են ծրագրի բովանդակությանը՝ ընդգծելով, որ Gazelle Finance-ին մասնակից ձեռնարկությունները կհամապատասխանեն տեղական օրենսդրությանն ու ծրագրի պահանջներին:

«Մեր կողմից տրամադրվող միջոցները 5 տարով են և չափազանց հարմարավետ են ընկերությունների համար: Այն չափազանց օգտակար կարող է լինել հատկապես բիզնեսի սկզբնական փուլում»,- ասել է Ջեֆրի Լիբերթը։

«Մենք փնտրում ենք այն ձեռնարկությունները, որոնք ունեն կայուն ցուցանիշներ, արագ զարգացող ընկերություններ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը»,- ասել է Ստեֆանի Քոմսը:

Հայաստանում և Վրաստանում ծրագրի հաջողության դեպքում այն կշարունակվի Ղրղըզստանում և Մոլդովայում: Ինչպիսի արդյունքներ կունենա Gazelle-ը, ցույց կտա ժամանակը: Հայտնի է, որ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խնդիրը շարունակում է չափազանց արդիական մնալ Հայաստանի, Վրաստանի և հետխորհրդային այլ երկրների համար: