20 ապրիլի 2017 - 12:37 AMT
Forbes. ՌԴ ամենահարուստ մարդկանց ցանկում 8 հայ կա

Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ 6 հայազգի գործարար կա:

«Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) վարկանիշում 18-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է $6.8 մլրդ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ հորիզոնականում է՝ $3.4 մլրդ կարողությամբ:

Վարկանիշի 48-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը $2 միլիարդով:

ՌԴ սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը, ներդրող բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է $950 մլն կարողությամբ:

Վարկանիշի 123-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը $800 միլիոնով:

«ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը և նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը $700-ական միլիոնով 146-147-րդ տեղում են:

Badoo ծանոթությունների կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) 185-րդ հորիզոնականում է $500 մլն կարողությամբ:

200 ամենահարուստ գործարարների համախումբ կարողությունը մեկ տարում աճել է $100 միլիարդով՝ հասնելով $460 մլրդ-ի:

Դոլարային միլիարդատերերի քանակն ավելացել է՝ 77-ից հասնելով 96-ի: Ցուցակում կարող են ընդգրկվել այն գործարարները, որոնց կարողությունն առնվազն $500 մլն է:

Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը, որը ՌԴ խոշորագույն մասնավոր գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատերն է: Նրա կարողոսւթյունը Forbes-ը գնահատել է $18.4 մլրդ: