Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններից 3 օր առաջ Փարիզում ոստիկանների դեմ իրականացված հարձակումն ահաբեկչական գործողություն է: Փարիզի դատախազը նույնպես տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել, իսկ հանցագործին՝ ահաբեկիչ, հաղորդում է Reuters-ը:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը, «Ֆրանսպրեսս» գործակալությանը հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փարիզի Ելիսեյան դաշտերում ոստիկանների դեմ կիրառվել է զենք, ինչի հետևանքով զոհվել է 1 իրավապահ, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով:
Օլանդը նաև նշել է, որ տեղի ունեցածից հետո ֆրանսիական անվտանգության ուժերը կլինեն առավելագույնս աչալուրջ՝ հատկապես ընտրական գործընթացի առումով:
Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պիեռ Հենրի Բրանդեն հայտարարել է, որ երկրում ահաբեկչական վտանգը շարունակում է բարձր մնալ:
Ըստ Բրանդեի՝ կրակահերթը սկսվել է տեղի ժամանակով 21:00-ին՝ Ելիսեյան դաշտերում: Ոստիկանական մեքենայի կողքին մեկ այլ մեքենա է կանգնել, որից դուրս է եկել տղամարդ ու, կրակահերթ բացելով, սպանել իրավապահներից մեկին: Ավելի ուշ հարձակվողը վնասազերծվել է:
Գերմանիայի կանցլերն ու Իտալիայի վարչապետն իրենց ցավակցություններն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը: