22 ապրիլի 2017 - 11:47 AMT
ԵԱ. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 6-րդն է բազմամարտում

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը մեկնարկել են եզրափակիչները: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր):

Արթուր Դավթյանը մասնագիտացված է հենացատկ վարժության վրա, իսկ բազմամարտում նոր է հանդես գալիս:

Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաևը (85.866), երկրորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանն էր (85.498), երրորդը` բրիտանացի Ջեյմս Հոլը (84.664):

Ապրիլի 22-ին օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:

Արթուր Դավթյանը Եվրոպայի պատանեկան (2010) չեմպիոն է և 3-րդ փուլի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2012-ի օլիմպիական խաղերի անդամ: