22 ապրիլի 2017 - 13:17 AMT
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը

Ապրիլի 21-ին Մարսելում պաշտոնապես բացվել է 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է ֆրանսահայ Ազատ Կազանջյանը, որը պատմել է իր տպավորությունների մասին:

Հրապարակը գտնվում է Կամբոջայի և Մոնտեբելո դյու Վալոն փողոցների խաչմերուկում:

«Գաղափարը ֆրանսահայ Օհան Հեքիմյանինն է: Նա դիմել էր Մարսելի 6-րդ և 8-րդ վարչական շրջանների պրեֆեկտ Իվ Մորենին, իսկ նա, իր հերթին, առաջարկել էր գաղափարը կյանքի կոչել իր ղեկավարած շրջանում: Այն, որ Մարսելում Թեհլերյանի անվան հրապարակ հայտնվեց, մեծ պատիվ և հպարտութուն է ֆրանսահայ համայնքի համար»,-ասել է Կազանջյանը՝ նշելով, որ իրադարձությունն աննախադեպ է ոչ միայն Ֆրանսիայի, այլ ամբողջ Եվրոպայի համար, հայտնում է Sputnik Արմենիան:

Միջոցառմանը մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Մարսելի հայ համայնքի ավելի քան 500 ականավոր ներկայացուցիչներ:

1921-ին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչել նրան։