24 ապրիլի 2017 - 15:03 AMT
Էնգել. Թուրքերի նոր սերունդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը նշել է, որ Հայոց ցեղասպանսւթյունը դարձավ առաջին նման տիպի ոճրագործությունը XX դարում:

Էնգելն ասել է, որ բոլոր մարդիկ, հատկապես երիտասարդ թուրքերը, պետք է ճանաչեն այդ փաստը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա չկրկնվի: Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987-ին, և մենք ամեն ինչ արեցինք այդ ուղղությամբ»,-ասել է նա Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում: