24 ապրիլի 2017 - 18:07 AMT
Պետերբուրգում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին PanARMENIAN.Net –ին են հայտնել Պետերբուրգի հայ երիտասարդների «Նոր սերունդ» կազմակերպության մամուլի ծառայությունում:

Ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, հոգևորականների ներկայացուցիչներ ծաղիկներ են դրել Կամսկի այգում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ:

Տեղի ժամանակով 17:00-ին մատուցվել է պատարագ Սբ Կատարինեի հայկական եկեղեցում, հավաքված մարդիկ ծաղիկներ դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Հայոց ցեղասպանության զոհեի հիշատակին նվիրված միջոցառումները կավարտվեն Բելոսելսկի-Բելզերսկիների պալատում կայանալիք համերգով:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net –ին էր հայտարարել Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը, ապրիլի 24-ի միջոցառումների հիմնական նլատակներից մեկը Պետերբուրգի բնակիչների իրազեկումն է Հայոց ցեղասպանության փաստի մասին: «Մենք, որպես Պետերբուրգի հայ երիտասարդներ, պատասխանատու ենք համարում մեզ այդ հանցագործության մոռացությունը թույլ չտալու համար»,-ասել է նա:

Фото: Нор Серунд