25 ապրիլի 2017 - 10:07 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հայոց ցեղասպանության առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածած հայտարարությունը՝ այն անվանելով «ապատեղեկատվության վրա հիմնված», Թուրքիայի ԱԳՆ-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում ենք, որ ապատեղեկատվությունն ու կեղծ ձևակերպումները, որոնք առկա էին ԱՄՆ նախագահի՝ 1915 թբվականի դեպքերի վերաբերյալ տարածած գրավոր հայտարարության մեջ, «աղտոտված» տեղեկատվության արդյունքն են, որը քարոզչության տարբեր մեթոդներով տարիներ շարունակ տարածել են ԱՄՆ-ի հայկական շրջանակները»,- ասված է հաղորդագրության տեքստում. «Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր նախորդների պես, չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենասարսափելի մասսայական սպանություններից մեկի ժամանակ», - ասել է նա: