25 ապրիլի 2017 - 13:31 AMT
ԶԼՄ-ներ. Շարապովան կարող է wild card ստանալ «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի համար

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի», կազմակերպիչները մտադիր են հատուկ հրավեր (wild card) տրամադրել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար:

«Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում:

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռուս թենիսիտուհու և Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլիի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Շարապովային wild card-ի տրամադրման հնարավորությունը՝ հիմնական մրցումների և որակավորման փուլին մասնակցելու համար, գրում է ՏԱՍՍ-ը բրիտանական The Telegraph-ի վրա հղումով:

Ավելի վաղ Ջուդիչելլին հայտնել էր, որ Ֆրանսիայի բաց առաջնության կազմակերպիչները որոշում կկայացնեն մայիսի 15-ին:

2016-ի մարտի սկզբին Շարապովան խոստովանել էր, որ արգելված մելդոնիում է ընդունել: Թենիսի միջազգային ֆեդերացիան որակազրկեց նրան 2 տարով, սակայն Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը կրճատեց որակազրկման ժամկետը մինչև 15 ամիս: Որակազրկման ժամկետը սպառվում է 2017-ի ապրիլի 26-ին:

«Ռոլան Գարոսը» տեղի կունենա Փարիզում մայիսի 22-ից հունիսի 11-ը: Շարապովան հաղթել է այդ մրցաշարում 2012-ին և 2014-ին: