26 ապրիլի 2017 - 09:47 AMT
Սան Սեբաստիանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր խոսքում շնորհակալություն է հայտել քաղաքապետին խաչքարի տեղադրման հարցում վերջինիս աջակցության, Սան Սեբաստիանի հայ համայնքի նկատմամբ մշտական հոգատար մոտեցման, ինչպես նաև նախկինում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ որոշման ընդունման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոյան հավելել է, որ տեղադրված խաչքարը, բացի մշակութային ժառանգության օրինակ լինելուց, նաև խորհրդանշում է երկու ժողովրդի եղբայրությունն ու բարեկամությունը:

Միջոցառմանը մասնակցել են նաև քաղաքապետարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելալական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը, ինչպես նաև՝ Բասկերի Երկրում և Իսպանիայի այլ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներ: