27 ապրիլի 2017 - 13:11 AMT
Վարչապետ. Վաղաժամ մարվող վարկերի տուգանքներն անհարկի բեռ են քաղաքացիների համար

Վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող տույժերն ու տուգանքները անհարկի բեռ են դառնում քաղաքացիների, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների համար: Այս մասին Գործադիրի ապրիլի 27-ի նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խնդրին:

«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ընդգծել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում. անցել է երկու ընթերցում:

Կարապետյանը ԿԲ նախագահին կոչ է արել կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Կառավարությունը 2016-ի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին:«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն», - հավելել է Ջավադյանը:

Կարդացեք նաև՝ Վարչապետը դժգոհ է ապօրինի անտառահատումների դեմ պայքարից