Վենետիկի իշխանությունները հատուկ սարքեր կտեղադրեն զբոսաշրջիկների հաշվառման համար, որոնք ամեն օր այցելում են այդ քաղաք, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Որոշումը կայացրել է Վենետիկի վարչական գործադիր մարմինը՝ ջունտան: Եթե Իտալիայի կառավարությունն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն տան, ապա շատ շուտով այն ռազմավարական կետերում, որոնցով քաղաք է մտնում զբոսաշրջիկների հիմնական հոսքը, ավտոմատ հաշվիչներ կտեղադրվեն: Խոսքն այն մասին է, որ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն ասել է լրագրողներին, որ հարկավոր է այնպես կանոնակարգել զբոսաշրջային հոսքերը, որպեսզի դրանք համատեղելի լինեն այնտեղ բնակվող մարդկանց առօրյա կյանքի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա խոստացել է միջազգային քարոզարշավ սկսել՝ բացատրելու համար զբոսաշրջիկներին, որ քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին:
2016-ի մարտին Զատկին Վենետիկ է այցելել միանգամից մոտ 300.000 մարդ, մինչդեռ քաղաքի բնակչությունն ընդամենը 270.000 է: