Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, հայտնում է Aysor.am-ը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ընթերցելով որոշումը, նշել է, որ դաշինքի դիմումը պատշաճ փաստարկված չի եղել, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տվել պայքարել ընտրակեղծարարությունների դեմ և հնարավորինս թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել:
ՍԴ նախագահն ընդգծել է, որ դիմողի կողմից բերված փաստարկները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
«Սահմանադրական դատարանը կարծում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս», - նշել է ՍԴ նախագահը:
ՍԴ որոշման ընթերցման ժամանակ հայցվոր կողմը (Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյան, փաստաբաններ Տիգրան Եգորյան, Վահե Գրիգորյան) դահլիճում ներկա չի եղել:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի դատավարության ընթացքը վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկության մասին, ՍԴ-ում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: