1 մայիսի 2017 - 11:57 AMT
Հայ ջրացատկորդը Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությունում 2-րդն էր

Ջրացատկի Ուկրաինայի Գավաթի բաց առաջնության վերջին օրը՝ ապրիլի 30-ին, 10մ անհատական աշտարակացատկ ձևում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։

Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով՝ ուկրաինացի ջրացատկորդը բավականին ուժեղ էր և մեծ առավելություն ուներ Հարությունյանի նկատմամբ:

«Անկեղծ ասած այնքան էլ գոհ չեմ Վլադիմիրի արդյունքից։ Ես ավելին էի ակնկալում։ Վլադիմիրը երեք ցատկից հետո հաղթում էր, սակայն չորրորդը վրիպեց։ Ուկրաինացին իր վերջին երեք ցատկերն ավելի լավ կատարեց և առաջ անցավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հրաչյա Չանդիրյանը։

Մարզիչը նշել է, որ Ազատ Հարությունյանը հանդես չի եկել այս մրցաձևում, քանի որ ուսի վնասվածք ուներ։

Հարությունյան եղբայրները մայիսի վերջին Մադրիդում կմասնակցեն Գրան Պրիի։