2 մայիսի 2017 - 12:42 AMT
Շախմատի ՀՀ վետերաններին մեկ հաղթանակ է բաժանում ԱԱ արծաթից

Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 4:0 չոր հաշվով առավելության է հասել Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանն ու Նորայր Քալանթարյանը:

Մեր թիմը 13 միավորով (23.5 անհատական) եզրափակիչ տուրից առաջ մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Վերջին տուրում Ավստրիայի հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին արծաթե մեդալ կնվաճի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Սանկտ Պետերբուրգի հավաքականը 16 թիմային միավորով չեմպիոնական տիտղոսը նվաճել է ժամկետից շուտ:

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր է խաղացվում: