ԱՄՆ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հետաքննել ընդդիմադիր բլոգեր Մեհման Գալանդարովի մահվան հանգամանքները: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ն մեծ ցավով է տեղեկացել ապրիլի 28-ին կալանավայրում ադրբեջանցի բլոգեր և ակտիվիստ Մեհման Գալանդարովի մահվան մասին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անցկացնել նրա մահվան հանգամանքների համապարփակ, թափանցիկ և անկախ հետաքննություն և ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, որոնք պահվում են բանտում հիմնարար ազատությունների իրացման համար»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Ադրբեջանի իշխանությունների, Գալանդարովն ինքնասպան է եղել քննչական մեկուսարաններից մեկում: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ նա վախճանվել է խոշտանգումների հետևանքով: