Վարչապետ Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատել է «խիստ անբավարար»: Այս մասին նա հայտարարել է Գործադիրի մայիսի 4-ի նիստում՝ անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին։
Վարչապետի խոսքերով՝ միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում ու գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը, հատկապես, պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ:
«Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչև օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», - ընդգծել է Կարապետյանը, գրում է Panorama.am-ը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։
Բացի այդ, Կառավարության նիստում վարչապետը խոսել է նաևմայիսի 20-ը համապետական շաբաթօրյակի օր հայտարարելու մասին: