4 մայիսի 2017 - 17:42 AMT
Թուրքիան մտադիր է արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը

Անկարան մտադիր է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել Մոսկվայի հետ ամենասեղմ ժամկետում և արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:

«Մայիսի 3-ին կայացած հաջող բանակցություններից հետո սկսվել է մեր նոր գործակցությունը Ռուսաստանի հետ: Այժմ մենք կխթանենք հարաբերությունները Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչպես նաև կարագացնենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը»,-ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 3-ին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում պայմանավորվել են փոխադարձ առևտրում սահմանափակող միջոցների վերացման մասին: Բանակցությունների արդյունքում Անկարան հանել է ռուսական ցորենի ներմուծման սահմանափակումները, իսկ ՌԴ-ն թույլատրել է թուրքական սոխ ներկրել:

Սակայն առանց վիզաների ուղևորությունների և ՌԴ թուրքական լոլիկի արտահանման մասով սահմանափակումները կպահպանվեն: