7 նոյեմբերի 2007 - 17:34 AMT
Երեւանը կարեւորում է Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի համատեքստում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ֆինլանդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հետ: 2008թ. հունվարին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ նախարար Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքը, հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունները` ընդգծելով դրանց առավել ակտիվացման եւ երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման վերաբերյալ` արձանագրելով, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցությունը մեծ ծավալներ չունի, սակայն վերջին շրջանում Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշների աճ է նկատվում: ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլը եւ կարագավորման հեռանկարները, խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: