5 մայիսի 2017 - 16:22 AMT
Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն է սպասվում

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն, իսկ ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով: Այդ մասին հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ մայիսյան Եռատոնին նվիրված՝ տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են:

Նա հայտնել է, որ զորամասերում արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Մայիսի 6-ին հանդիպումներ են նախատեսված կրթօջախներում: Նախարարը նշել է նաև, որ շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն, հայտնում է Արցախպրես-ը:

Մայիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, որոնք առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ:

Մնացականյանը հավելել է նաև, մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ծաղիկներ կդրվեն. հարգանքի տուրք կմատուցվի ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Ընթերցեք նաև. ԱՀ ՊՆ. ԼՂ հիմնահարցն ուժի դիրքերից լուծելու հակառակորդի փորձերը ձախողվելու են