6 մայիսի 2017 - 13:29 AMT
Արաբկիրի թաղապետ. Ծառերը հատվել են անվտանգության նկատառումից ելնելով

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ծառերը հատվել են, քանի որ վնասված ու փտած են եղել: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

«Մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա: Մինչ տվյալ ծառերի հատումը տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիի բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում և հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ: Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները»,- գրել է Վարդանյանը:

Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ հրապարակված լուսանկարները ևս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերը, իսկապես, եղել են փտած:

«Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մեր մասնագետների մշտական հոգածության ներքո և հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր»:

Մայիսի 5-ին ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածու Գոհար Աբաջյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շինության դիմաց տեղակայված հատված ծառերը: