12 մայիսի 2017 - 17:32 AMT
Կալիֆորնիայի պետբյուջեից միջոցներ կհատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար

Կալիֆորնիայից ընտրված ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է, որ նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել է Կալիֆորնիայի պետական բյուջեն և $1 մլն է հատկացրել Pasadena Playhouse թատրոնի և Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի համար:

«Մինչ մյուսները հանձնվել էին, ես աշխատում էի գովեստի արժանի այդ երկու նախագծերի համար միջոցներ հատկացնելու համար: Ես շատ ուրախ եմ և երախտապարտ, որ նահանգապետը պատասխանել է իմ խնդրանքներին ու վերականգնել է Կալիֆորնիայի 25-րդ Պետական սենատական շրջանում այդ երկու ականավոր նախագծի ֆինանսավորումը»,-ասել է Պորտանտինոն, գրում է Asbarez-ը:

Հայկական թանգարանի գլխավոր նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը: Թանգարանի շենքում կգործեն ցուցասրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ: Թանգարանը, որի մակերեսը կկազմի 1,7 հա, շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով: