13 մայիսի 2017 - 15:28 AMT
Արցախ այցելած իրանցի երաժիշտը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Իրանցի երաժիշտն «անցանկալի անձ» է հայտարարվել Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով, հայտնում է Haqqin.az-ը:

Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը:

Հաջիևը հավելել է, որ Հոդրաթի ուղևորության որոշ մանրամասներ դեռ քննարկվում են:

2017-ի մարտին Ադրբեջանում աղմուկ բարձրացավ իրանցի երաժշտի Արցախ այցելության շուրջ:

Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: