Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ձախողվել է ԱՄՆ կինովարձույթում ցուցադրության 24 օրում՝ ապրիլի 21-ից մայիսի 14-ը ընդամենը $8.18 մլն հավաքելով, ինչը ֆիլմի նկարահանման բյուջեի 10 տոկոսն էլ չի կազմում:
Ֆիլմի հեղինակները հայտարարել էին 100-միլիոնանոց բյուջեի մասին, սակայն Box Office Mojo կինոկայքում նշված է $90 մլն բյուջե:
Հատկանշական է, որ այդ գումարի կեսը՝ $4 միլիոնը, ֆիլմը ցուցադրության առաջին հանգստյան օրերին է հավաքել, իսկ հետո դիտումների քանակը նվազել է: Երկրորդ շաբաթ ֆիլմը հավաքել է $1.44 մլն, երրորդ շաբաթ՝ $278. 000, իսկ չորրորդ շաբաթվա ընթացքում՝ ընդամենը $82.000: Մինչդեռ, ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվում է 2251 կինոթատրոնում:
Համաշխարհային տվյալները դեռ չկան:
Մինչդեռ, Հայաստանում ֆիլմը կինովարձույթի առաջատարն է: Երկրի բոլոր կինոթատրոններում «Խոստումը» գլխավորել է կինովարձույթը կամ մտել է առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով «Ֆորսաժ 8»-ից:
Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին: