16 մայիսի 2017 - 13:02 AMT
Ընտրակաշառք տալու դեպքով քրգործ է հարուցվել

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնու էմ ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մայիսի 12-ին լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ՝ խոչընդոտելով լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է NOKIA մոդելի բջջային հեռախոսը, մտել նշված շտաբ և բջջային հեռախոսից հեռացրել հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները:

Իսկ դրանից մոտ 15 րոպե հետո մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում վերադարձրել է իր բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Այսպիսով, նախապատրաստված նյութերի արդյունքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ մայիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը:

Կարդացեք նաև՝ Ավագանու ընտրությունների ցուցակները հրապարակվել են