15 նոյեմբերի 2007 - 16:18 AMT
Հայաստան են բերվելու Սոչիի ավիավթարում զոհվածներից եւս 12-ի աճյունները
Երեւան են բերվելու 2006 թվականի մայիսին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված եւս երեք ուղեւորների դիերն ու իննի դիերի մասունքները, հայտնել են Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունում:

«Աճյունները բերվելու են Երեւան «Արմավիա» ավիաընկերության ռեյսով, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի` հաշվի առնելով եղանակային բարդ պայմանները Ռուսաստանի հարավում»,- հաղորդել են վարչությունում: Օդանավակայանում ռեյսը պաշտոնական պատվիրակություն է դիմավորելու:

Աղբյուրի տվյալներով, փորձաքննության արդյունքում պարզվել է զոհվածների ինքնությունը (հինգը հանդիսանում են Երեւանի բնակիչներ, մնացածը` Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռիի մարզերի), նրանց հարզատները տեղեկացվել են այդ մասին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

2006 թվականի մայիսի 3-ին «Ադլեր» օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռը: Իքնաթիռում եղած բոլոր 113 հոգին, այդ թվում 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվեցին:

ՄԱԿ-ի տեխնիկական հանձնաժողովի վերջնական զեկույցում ասվում է, որ վթարը տեղի է ունեցել հրամանատարա-օդային անձնակազմի անարդյունավետ գործողությունների արդյունքում: Ըստ եզրակացության, օդանավի համակարգերի եւ շարժիչների աշխատանքի խափանում չի գրանցվել, ինքնաթիռը ենթարկվել է ավտոպիլոտի եւ անձնակազմի գործողություններին, իսկ վառելիքի մակարդակը բակերում բավարար է եղել թռիչքն բարեհաջող ավարտելու համար: «Ողբերգությունը տեղի է ունեցել կառավարվող թռիչքի ընթացքում` ջրային մակերեսին օդանավի բախման հետեւանքով, գիշերը, Սոչիի օդանավակայանում վայրէջքի արգելման պատճառով բարձրություն հավաքելիս, եղանակային պայմանները եղել են 06 թռիչքուղու համար սահմանված նվազագույուն ցուցանիշից վատ»,-ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: