17 մայիսի 2017 - 18:46 AMT
ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30 հա մշակովի հողեր

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության պատվիրակությունն այցելել է Փոքր Վեդիում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերակառուցված խորքային հորի տարածք, որտեղից նաև սկիզբ է առնում նույնպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կառուցված 560մ. երկարությամբ ոռոգման ջրագիծը:

Նախագիծն իրականացել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը տեղեկացրել է, որ հորը և ջրագիծը ոռոգման ջրով են ապահովում 40 տնային տնտեսությանը պատկանող 30 հեկտար մշակովի հողերը: Ծրագրի շահառուներից ֆերմեր Գառնիկ Մանուկյանն էլ վստահեցրել է, որ մինչև ջրագծի շահագործումը գյուղացիները չէին կարողանում մշակել, ուստի և հավելյալ եկամուտ ստանալ այդ 30 հեկտար հողերից:

2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):