18 մայիսի 2017 - 10:34 AMT
ԵԼՔ-ը բոյկոտել է նախագահի ելույթն ԱԺ առաջին նիստում

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ելույթի ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավորները դահլիճում չեն եղել:

Դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտնեց PanARMENIAN.Net-ին, որ ԵԼՔ-ի պատգամավորները նախագահի ելույթից հետո կվերադառնան և ներկա կգտնվեն ԱԺ առաջին նիստին:

Մայիսի 18-ին Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները, միաժամանակ, նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կավարտվի հենց նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին:

Ըստ կանոնակարգի, առաջին նիստը կգումարվի պատգամավորների 2/3-րդ առկայության, այսինքն՝ քվորում ապահովելու պարագայում, և այն կվարի պատգամավորներից ամենատարիքովը:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը հրաժարական կտա նաև կառավարությունը:

Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից: