22 մայիսի 2017 - 17:33 AMT
Նավալնի. «Պուտինի խոհարարը» ընկերություն է բացել ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքում

Որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը կարտել է ստեղծել, որի միջոցով, հանցավոր պայմանավորվածության գալով ՌԴ ՊՆ պաշտոնյաների հետ, յուրացրել է պաշտպանության ոլորտի համար հատկացվող պետական գումարներ: Կարտելի բաժանմունքերից մեկը գտնվում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասի տարածքում: Այդ փաստը հրապարակել է Ռուսաստանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, իրավաբան Ալեքսեյ Նավալնին հիմնադրամի հետաքննության արդյունքում:

Կարդացեք նաև. Թրոլինգ և խորտիկներ. Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում

Ըստ Նավալնու հրապարակած փաստաթղթի, Պրիգոժինի ընկերությունները բաժանմունքներ և գրասենյակներ ունեն փակ տարածքներում՝ ՌԴ ՊՆ զորամասերում: Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում, որտեղ գործում է «ԱՍՊ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթել էր տարածքի սպասարկման համար աճուրդում:

Իր կայքում տեղադրված նյութում Նավալնին պնդում է, որ հայտնաբերել է և կարող է փաստաթղթերով ապացուցել, որ «Պուտինի խոհարարը» ընդհանուր առմամբ23 մլրդ ռուբլի է յուրացրել, ինչը ռեկորդային գումար է:

Եվգենի Պրիգոժինը ռուս գործարար է, ՌԴ կառավարության շեֆ-խոհարարը: Նա մի քանի ռեստորանների սեփականատեր է, այդ թվում՝ Սպիտակ տանն ու Կրեմլում:

Պրիգոժինը քաղաքական ընդդիմության մասին «Բողոքի անատոմիան» փաստագրական ֆիլմի կազմակերպիչներից մեկն է, նրա անձի հետ է կապված նաև ոչ պաշտոնական «Ֆաբրիկա մեդիա» մեդիահոլդինգի գործունեությունը:

2017-ի մայիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային մարմինը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության շնորհիվ, մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին կարտել ստեղծելու և 8 մլրդ դոլար պետական բյուջեից յուրացնելու մեջ: