23 մայիսի 2017 - 12:20 AMT
ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Մանչեսթերի ահաբեկչության պատասխանատվությունը

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետևանքով 22 մարդ է զոհվել: Գրոհայինները համապատասխան տեսանյութ են տեղադրել սոցցանցերում, հայտնել է ՏԱՍՍ-ը իրաքյան Ահբար Իրաք ինտերնետ պորտալի վրա հղումով:

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:

Լիբանանյան Lebanon24.com-ը գրել է, որ պաշտոնապես ԻՊ-ն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Համացանցում, սակայն, տեսագրություն է տարածվում, որտեղ դիմակավոր մարդն իրեն խմբավորման անդամ է անվանում և ասում է, որ Մանչեսթերի ահաբեկչությունը «միայն սկիզբն է», գրել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:Նա տեղում մահացել է: Այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Յեն Հոփկինսը: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ:

Ընթերցեք նաև. Մանչեսթերում ահաբեկչության հետևանքով 19 զոհ կա, 50-ից ավելի վիրավոր