Moody’s վարկանիշային գործակալությունն այլևս չի վստահում Ադրբեջանին: Գործակալության կրտսեր փոխնախագահ Պյոտր Պակլինը հայտարարել է, որ այլևս չի վստահում Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը և Ադրբեջանի Միջազգային բանկին:
«Խնդիրները կարող են ավելի խորը լինել, քան մենք կարծում ենք: Միջազգային բանկի առողջացումը կարող է վնասել պետբյուջեին և խանգարել արտասահմանյան նախագծերի ֆինանսավորմանը»,-ասել է նա:
Պակլինը նշել է նաև, որ 2015-2016թթ. Ադրբեջանի պետական պարտքը կտրուկ աճել է: Ըստ նրա, եթե 2014-ի վերջում Ադրբեջանի պետպարտքը կազմում էր ՀՆԱ 11 տոկոսը, ապա 2016-ի ավարտին այն հասել է 40 տոկոսի: «Պետպարտքի այդպիսի աճը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկմամբ և բանկային հատվածին աջակցելու անհրաժեշտությամբ»,-ասել է փորձագետը, գրում է Haqqin.az-ը:
«Թեև Ադրբեջանի բանկային հատվածը մեծ չէ, պետության կողմից աջակցության մակարդակը շատ բարձր է: Ըստ մեր գնահատականների, 2015-2016-ին Ադրբեջանը իր ՀՆԱ-ի 18 տոկոսին համարժեք միջոցներ է ուղղել բանկային հատվածի աջակցմանը»,-ասել է Պակլինը:
Ծախսերի նման մակարդակն, ըստ փորձագետի, աննախադեպ է:
Ըստ նրա ԱՄԲ-ի վերակազմավորման մասին Ադրբեջանի որոշումն անակնկալ է եղել շուկայի համար:
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով:
Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որԲաքուն կարող է հրաժարվել վճարումներից սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանի Միջազգային բանկի վարկատուներին և համարում է, որ պետական երաշխիքներն այս դեպքի վրա չեն տարածվում:
Ընթերցեք նաև. 2016-ին Ադրբեջանում ՀՆԱ 3,1% անկում է գրանցվել