26 մայիսի 2017 - 17:20 AMT
Պոպով. Կողմերը համաձայն են միջազգային դիտորդների ավելացմանը

Պայմանավորվածություն կա միջազգային դիտորդների թիվը 7 անձով ավելացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Նա հավելել է, որ կողմերը համաձայն են:

Սակայն, ըստ ռուս համանախագահի, տարաձայնությունները որոշ դետալների մասով պահպանվում են՝ ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց գործունեության ֆինանսավորման կարգը և որոշ այլ տեխնիկական հարցեր, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Պոպովը հավելել է, որ այժմ այդ հարցերի համաձայնեցմամբ է զբաղվում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ:

Ռուս համանախագահը հայտնել է նաև, որ առաջիկայում ՄԽ մյուս համանախագահների հետ կայցելի տարածաշրջան՝ քննարկելու համար հետագա ծրագրերը:

Անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան եռակողմ հանդիպմանը՝ Պոպովն ասել է, որ հակամարտող կողմերի միջև յուրաքանչյուր հանդիպում, որտեղ քննարկվում են կարևոր հարցեր, օգտակար է:

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում պայմանավորվել են շարունակել շփումները: