29 մայիսի 2017 - 11:19 AMT
Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ մայիսի 29-ին. Կհնչեն Բախի ստեղծագործությունները

Մայիսի 29-ին կկայանա ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

Համերգը ներկայացնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

Մենահամերգը նվիրված է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և դաշնակահարի նոր ալբոմի շնորհանդեսին, որը համալրում է «Դեսպանատան ձայնասկավառակներ» շարքը: Ձայնասկավառակում ընգրկված են գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները:

«Գերմանիայի դեսպանության հետ սա մեր չորրորդ համագործակցությունն է: 2013թ. մենք արդեն հասցրել ենք ունենալ գերմանական ժամանակակից երաժշտությանը նվիրված համերգ «1900+» համերգաշարի շրջանակներում, ինչպես նաև Բախի 330-ամյակին նվիրված և բախյան մեկ այլ ծրագրով մենահամերգ և, վերջապես, Հայկ Մելիքյանի նոր ալբոմը, որը ներկայանում է Բախի ստեղծագործություններով և որի շնորհանդեսը կանցնի Դաշնակահարի առաջիկա մենահամերգի ընթացքում:

Ուրախ եմ, որ Հայկ Մելիքյանի բախյան ձայնագրությունները լայն արձագանք ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև օտար ունկնդրի առջև՝ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը»,- մասնավորապես նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Համերգի ընթացքում կհնչեն Բախի խորալային պրելյուդները, ռե մինոր տոկատ և ֆուգան, բախյան հանրահռչակ մշակումները, որոնք փոխադրել են Ֆերուչիո Բուզոնին, Ալեքսանդր Զիլոտին, Վիլհելմ Կեմպֆը, Իգնաց Ֆրիդմանը: Ծրագրում ներառված է նաև 20-րդ դարի մեծագույն գերմանացի կոմպոզիտոր Կառլհայնց Շթոքհաուզենի 10-րդ Klavierstück-ը, որն առաջին անգամ կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, և Հայկ Մելիքյանի՝ Բախին նվիրված եռապատումը՝ գրված հատուկ Ստոկհոլմի Բախի փառատոնի համար: