29 մայիսի 2017 - 17:44 AMT
«Երկիր ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու 5 մանդատը

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատը:

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և ԵԼՔ դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 տոկոսը:

Ավագանու մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ դատարանից ակնկալիքներ չունեն․ -«Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետևաբար՝ դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա: Բայց, միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք դիմել այդ ատյաններին և ստանալ մերժում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, միաժամանակ, պնդել է, որ սա չի նշանակում ճանաչել քվեարկության արդյունքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: