Թարմացում՝ Մոսկվայի փոթորկից տուժածների թվում հայեր չկան
Մայիսի 29-ին Մոսկվայում հզոր փոթորիկի հետևանքով տուժածների թիվը հասել է 150-ի, մահացել է 11 մարդ: Տուժածներից 108-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում, այդ թվում՝ 22 երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից: Վնասվել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել՝ ընկնելով մարդկանց և մեքենաների վրա:
Ընդհանուր առմամբ, փոթորկի ընթացքում քաղաքի ԱԻՆ-ում պատահարների մասին ստացվել է ավելի քան 4500 զանգ:
Կաթվածահար է եղել նաև Մոսկվայի օդանավականյանների աշխատանքը: Հետաձգվել է ավելի քան 30, չեղարկվել՝ 13 թռիչք:
Ավելի վաղ հայտարարվել էր 8 զոհի մասին:
Զոհվածների ընտանիքները հատուցում կստանան քաղաքի իշխանություններից:Ըստ եղանակի տեսության «Ֆոբոս» կենտրոնի, փոթորիկն արդեն դադարել է, սակայն դեռ հնարավոր են կարճատև անձրևներ: