Հայաստանի ընդդիմադիր ԵԼՔ դաշինքում, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերվում հասարակական վայրերում ծխելն արգելելու հեռանկարին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Մայիսի 31-ին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց ՀՀ-ում հասարակական վայրերում ծխելն արգելելու գալիք հեռանկարի ու այդ նպատակով օրենսդրական բազա նախապատրաստելու մասին:
«ԵԼՔ դաշինքում դեռ լայն քննարկումներ չեն եղել, բայց մի շարք անդամներ, նաև ավագանու անդամները դրական են արձագանքել գաղափարին: Կարծում եմ, հասարակական վայրերում ծխելու արգելքը դրական քայլ կլինի», - ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ արգելքը չպետք է հաստատվելու դեպքում միայն օրենքի մակարդակով մնա, այլ կիրառվի փուլային տարբերակով:
«Գտնում եմ, որ առաջին փուլի համար պետք է լինեն շրջիկ խմբեր, որոնք կվերահսկեն ռեստորաններում, սննդի կետերում, բարերում, փաբերում ծխելու գործընթացը: Պետք է տուգանքներ կիրառվեն: Կարճ ժամանակում, իհարկե, խնդիրը չի լուծվելու, բացի արգելքից ու տուգանքներից ծխելու դեմ պետք է սոցիալական գովազդների, արշավների միջոցով պայքարել», - նշեց Ավինյանը:
Կարդացեք նաև՝ Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ
Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից